11 հունվարի 2021 - 17:09 AMT
Պատգամավորն առաջարկում է ՀՀ ազգային փոքրամասնությունների օր ամրագրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի վերջին շաբաթ օրը որպես ՀՀ ազգային փոքրամասնությունների օր ամրագրելու օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել։

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխության նախաձեռնությանը։

Բաքոյանն իր խոսքում նշել է, որ չնայած Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, մոտ 11 ազգային փոքրամասնություն է ապրում Հայաստանում: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանի ազգային փոքրամասնությունները տարբեր դերակատարություն են ունեցել Հայաստանի կյանքում տարբեր ժամանակաշրջանում, ուստի, ըստ իրեն, ճիշտ կլինի, որ ազգային փոքրամասնությունների առանձին օր նշվի, գրում է «Հետքը»։

Կառավարության տեսակետը ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Արա Խզմալյանը: Փոխնախարարը ողջունել է նախագիծը՝ ընդգծելով, որ վերջին իրադարձությունների ֆոնին ավելի արդիական է դառնում նման նախագծի անհրաժեշտությունը:

Նախագիծն ընդգրկվել է լիագումար նիստերի օրակարգ:

ՀՀ-ում այլազգի ամենամեծ էթնիկ խումբը կազմում են եզիդիները՝ մոտ 36,000, ըստ վերջին մարդահամարի տվյալների։ Մյուս համեմատաբար մեծաթիվ խումբը ռուսներն են՝ մոտ 12,000։ Կան նաև ասորիներ, քրդեր, հույներ, ուկրաինացիներ, վրացիներ, հրեաներ։