ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած և այժմ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ արդար ընտրություններ անցկացնելու համար պետք է նախքան այդ չեզոք կառավարում կազմակերպել՝ բացառելով, սակայն, քաղաքական 17 ուժի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, գրում է Panorama.am-ը:
«Ես կարծում եմ՝ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալը պետք է չեզոք կառավարում կազմակերպել՝ առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարության: Բնականաբար, ԱԺ-ն պետք է ընտրի այդ անձին երեք քաղաքական ուժերի և անկախ պատգամավորների համատեղ որոշման արդյունքում:
Սկզբնական շրջանում նույնիսկ առաջարկ արեցի, որ «Իմ քայլի» ներսից լինի վարչապետը: Այդ պահին թեկնածուների անուններ գեներացվեցին խմբակցության նիստում: Քաղաքական թիմը որոշեց, որ նպատակահարմար չի գտնում այս պահին փոխելու կառավարող ղեկավարին»,- ներկայացրել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ արդար, անկաշկանդ ընտրությունների համար պետք է այս պահին ժամանակավոր կառավարում ձևավորվի։ Այնուամենայնիվ, պատգամավորը նշել է նաև, որ բացառում է քաղաքական 17 ուժի օրակարգը և վարչապետի թեկնածուին:
«Նախքան խմբակցությունից դուրս գալը ես այդ մասին խոսել եմ: Ես վստահ եմ, որ որևէ մեկը քայլ չի անի ինձ հետ քննարկելու, որովհետև ես բացառում եմ իրենց օրակարգը, իրենց վարչապետի թեկնածուին: Ես այդ մասին երկար խոսել եմ: Այս պահին որևէ քաղաքական ուժի հետ համագործակցության ոչ ցանկություն, ոչ էլ մտադրություն ունեմ»,- ասել է նա:
Ավելի վաղ Հովսեփյանը հայտարարել էր, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը եղավ միայն կառավարության կողքին իբրև կոճակ սեղմող, այլ ոչ թե կառավարությանն օգնող, խորհուրդ տվող, առաջնորդող։ Հովսեփյանը նշել է, որ խմբակցությունից դուրս գալու որոշումը պայմանավորված չի եղել միայն մեկ պատճառով, իսկ այդ քայլը «հնարավորություն է տալիս սատարելու իշխող խմբակցությանն այն գործերում, որոնք ուղղված են դրական փոփոխություններին, և չլինել այն գործերում, որոնք իր սկզբունքներին և արժեքներին դեմ են»։Հովսեփյանի խոսքով՝ ինքն ունեցել է արժեհամակարգային խնդիր, և այնտեղ, որտեղ իր հայացքները համընկնում են, պատրաստ է օժանդակել կառավարությանը։