11 հունվարի 2021 - 18:52 AMT
Bitcoin-ը 3 օրում 20%-ով էժանացել է

Bitcoin-ը 3 օրում 20%-ով էժանացել է՝ այդ են վկայում Coinmarketcap-ի տվյալները։ Հունվարի 8-ին կրիպտոարժույթի գինը հասել էր պատմական առավելագույն նիշին՝ $41,900-ի, իսկ հունվարի 11-ին արդեն նվազել էր մինչև $33,200։

Նվազել է նաև կապիտալիզացիայի ծավալը՝ առավելագույն ցուցանիշը $779․8 մլրդ էր, իսկ հունվարի 11-ինը նվազել է մինչև $618․2 մլրդ։ Bitcoin-ի գերակայության գործակիցը, որը ցույց է տալիս, թե որքանով է այն գերիշխում այլ կիպտոարժույթներին, կազմել է 68,53%, թեև մինչ այդ գերազանցում էր 70%-ը, գրում է «Վեդոմոստին»։

Կրիպտոարժույթը մեծ տեմպերով աճում էր հոկտեմբերի վերջից։ Դեկտեմբերի 31-ին դրա արժեքը հասել էր գրեթե $29,000-ի, թեև մինչև հոկտեմբեր այն չէր բարձրանում $12,300-ից։ 2020-ի հունվարի 1-ին կրիպտոարժույթի գինը $7,200 էր, իսկ 2021-ի հունվարի 1-ին՝ $29,400։