12 հունվարի 2021 - 13:37 AMT
ՏԿԵՆ․ Պատերազմի հետևանքով Արցախը 112․5 մեգավատտ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-եր է կորցրել

Նախքան 44-օրյա պատերազմն Արցախում եղել են 187․5 մեգավատտ դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ, պատերազմից հետո մնացել են 75 մեգավատտ դրվածքային հզորությամբ, որպես կորուստ ունեցել ենք 112․5 մեգավատտ դրվածքային հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ։

Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

«Նախնական էներգետիկ բալանսով նախատեսված էր, որ 2021 թվականին Արցախից ՀՀ կներկրվի 330 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Հայտնի իրադարձություններից հետո ձևավորված էներգետիկ բալանսով այդ էլեկտրաէներգիան կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին՝ հիմնականում ջերմաէլեկտրակայաններում արտադրվող էլեկտաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան։ Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան հավասարազոր էր Հայաստանում փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի գնին, գումարած 7% տեղափոխման և կորոստի ծախսերի համար»,- նշել է նա։

Փոխնախարարն ասել է, որ այս պահին Արցախը ոչ մշտական ռեժիմով Հայաստանից ներմուծում է էլեկտրաէներգիա՝ էներգետիկ ռեժիմի կարգավորման համար։ Տեսականորեն ընդհանուր տարվա կտրվածքով, գուցե, անհրաժեշտություն չլինի էլէներգիա ներմուծել Արցախ։