2 մարտի 2009 - 18:32 AMT
Բանակցությունների տրամաբանությանը հակասող հայտարարությունները չեն նպաստում Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Մեթյու Բրայզային (ԱՄՆ), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ցյուրիխյան հանդիպմանը, քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա փուլի հետ կապված հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող հայտարարություններն ու ձեւակերպումները չեն նպաստում կարգավորման ուղղությամբ առաջընթացի ամրագրմանը: Համանախագահները Հանրապետության նախագահին տեղեկացրել են նաեւ Բաքվում եւ Ստեփանակերտում կայացած բանակցությունների արդյունքների մասին:

Ավելի վաղ` կիրակի օրը, նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: