ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսազրույցում տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին։
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ընդհանուր իրավիճակի կայունացումը՝ հաջողվել է մի շարք քայլեր համաձայնեցնել այդ ուղղությամբ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Հեռախոսազրույցի ընթացքում շեշտվել է, որ բանակցությունների հիմնական արդյունքներից մեկն այն էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը հաստատեցին՝ «տրամադրված են կարգավորել հարաբերությունները, պատրաստ են պրակտիկ փոխգործակցության, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման», գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել ԼՂ կարգավորման ուղղությամբ ՌԴ ջանքերին, կողմ է արտահայտվել ՌԴ և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելուն, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի առաջմղման շահերից ելնելով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ առանձին անդրադարձ է եղել հակամարտության գոտում հրադադարի պահպանման և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման Ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի ձևավորման որոշ ասպեկտների։
Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։
Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։