2 մարտի 2009 - 23:17 AMT
Թուրքիայի կրթության նախարարությանը դատի են տվել Ցեղասպանության մասին «փաստագրական ֆիլմի» դիտումը երեխաներին պարտադրելու համար
«Ֆիլմում կարելի է տեսնել անհամար դիակներ, ոսկորներ, գանգեր: Նրանք հարցազրույց են վարում ծեր մարդկանց հետ, որոնք հարգանք ու խղճահարություն են առաջացնում»,-պատմում է թուրք հոգեբանը

Թուրքական մի ընտանիքի հայր` Սերդար Կայան դատական հայց է հարուցել Թուրքիայի կրթության նախարարության դեմ այն բանի համար, որ նրա 11-ամյա դստերը ստիպում են դիտել «ռասիստական ֆիլմ», որը «չհիմնավորված պնդումներով պատմում է թուրքերի դեմ հայերի վայրագությունների մասին»: Ֆիլմը կոչված է հերքելու այն պնդումները, որ 1915թ. օսմանցի թուրքերը Հայոց ցեղասպանություն գործեցին, հաղորդում է The Times reports-ը:

«Իմ դուստրը չափազանց մտահոգված եւ վախեցած էր փաստագրկան ֆիլմից եւ հարցրեց ինձ, թե իրոք հայերը կոտորել են մեզ»,-ասում է Սերդար Կայան, որը դատական հայց է հարուցել կրթության նախարարության դեմ ազգային ատելություն սեմանելու մեղադրանքով:

«Ֆիլմում կարելի է տեսնել անհամար դիակներ, ոսկորներ, գանգեր: Հեղինակներն օգտագործում են այնպիսի արտահայտություններ, ինչպես «կտրում էին նրանց գլուխները» եւ «նրանց օգտագործում էին որպես ցախ, կապելով երեխաներին»,-պատմում է թուրք հոգեբան Սերդար Դեղիրմենչիօղլուն` հավելելով, որ ֆիլմը նախատեսված է տարրական դպրոցում ցուցադրության համար, ներառյալ նաեւ հայ երեխաներին;

Ինչպես ասվում է հոդվածում, «նախարարությունը հայտարարել է, որ դադարեցնում է ֆիլմի տարածումը, որը հայկական ժողովրդական «Սարի գյալին» երգի անվանումն է ստացել, սակայն չի հանել այն դպրոցական ծրագրից: