14 հունվարի 2021 - 17:14 AMT
Նախարար․ Պնդելով, որ, օրինակ, Sandora-ն առանց ադրբեջաներեն մակնշման վաճառվի, մոտ 10% կթանկանա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով հայկական շուկայում ադրբեջանական և թուրքական մակնշմամբ ապրանքերի առկայությանը, ասել է, որ եթե պնդենք, որ, օրինակ, Coca-Cola-ն կամ Sandora-ն առանց ադրբեջաներեն մակնշման վաճառվեն, այդ ապրանքերի գինը մոտ 10%-ով կաճի։

Նախարարը դա բացատրել է նրանով, որ այդ դեպքում ընկերությունները պետք է հավելյալ գումար ծախսեն և այն ընդգրկեն գնի մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով ներդրումների հարցին՝ Քերոբյանն ասել է, որ չի տարանջատում դրսի և ներսի ներդրողներին, և այդպիսիք կան՝ ինքն ամեն օր հանդիպում է ներդրողների հետ և ընթացիկ հարցեր լուծում։ Որպես խոշոր ներդրում նա օրինակ է բերել «Ռենշին» ընկերությունը, որը 100 միլիոն դոլարանոց ներդրում է արել։

Քերոբյանի խոսքով՝ կառավարության օրակարգում ընդգրկված հարցերն ուղղված են տնտեսական պոտենցիալը պաշտպանելուն և տնտեսվարողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելուն։

Վերջին օրերին տեղեկություններ են տարածվել, որ հայկական շուկայում ադրբեջանական ապրանքներ են վաճառվում։ Մասնավորապես, խոսքը ադրբեջանական գրությամբ Coca-Cola-յի և Sandora-ի հյութերի մասին է։ Ավելի ուշ պարզվեց, որ խոսքն ադրբեջաներեն մակնշումների մասին է, ոչ թե արտադրանքի: