Հայաստանում ռուսական 1 հեռուստաալիք հանրապետական, 2 ալիք՝ մայրաքաղաքային ծածկույթ կստանան։ Այդ մասին ասել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։
Վերսկսվել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նիստը։ Դրանում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակիցների ընտրությունը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը նշել է, որ հայտարարվել էր 6 սլոթ հանրապետական ծածկույթի համար և 9 սլոթ՝ մայրաքաղաքային ծածկույթի: Սակայն դեկտեմբերին ՌԴ-ի հետ միջկառավարական պայմանագիր է կնքվել, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք հանրապետական ծածկույթ է ստանալու՝ առանց լիցենզիայի, և ռուսական երկու ալիք ստանալու է մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր՝ դարձյալ առանց լիցենզիայի:
«Դա նշանակում է, որ հանրապետական սլոթերի քանակը պակասում է մեկով, մայրաքաղաքայինը՝ 9-ից իջնում է 7-ի», - ասել է Հակոբյանը:
Ավելի վաղ ՀՌՀ նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում, որը ՀՀ քաղաքացիներին անվճար դիտումներ է ապահովում, օտար հեռարձակողներ չպիտի լինեն։ Ըստ Հակոբյանի՝ Հայաստանում հեռարձակվող մի քանի արտասահմանյան հեռուստաալիքներ կան, որոնք կարող են հայ հեռուստադիտողների մոտ բացասական կարծիք ստեղծել մեկ այլ երկրի նկատմամբ, օրինակ, Իրանի, Վրաստանի, Ուկրաինայի: ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը տարակուսանք էր հայտնել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության առնչությամբ, թե ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»։
ՀՀ հանրային մուլտիպլեքսի շրջանակում հեռարձակվում է 27 հեռուստաալիք, այդ թվում 3 ռուսական՝ «Առաջին ալիքը», «Ռոսիան» և «Ռոսիա Կուլտուրա»-ն, ինչպես նաև միջպետական «Միրը», և ամերիկյան CNN-ը։