Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել է «Ադրբեջան 2020» փոստային նամականիշներ ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այն պնդումները, որ Ադրբեջանը վարում է հայերի ցեղասպանության քաղաքականություն ու դա անում է հենց էթնիկ պատկանելության հիմքով, միայն այն պատճառով, որ Արցախում ապրող մարդիկ հայ են, հայտարարել են ՄԻՊ-ից։
Փոստային նամականիշում բժշկական արտահագուստով մարդը գործիքով քիմիական ախտահանման էր ենթարկում Արցախը հայերից՝ բացահայտորեն այն ներկայացնելով որպես «կեղտ»:
«Պետական մակարդակով իրականացվող հայատյացության քարոզչությունը հետևողականորեն իրականացվում է տարիներ շարունակ։ Հենց այդ թշնամանքի քարոզի ու կազմակերպված հայատյաց քաղաքականության հետևանք են այն դաժանություններն ու խոշտանգումները, որոնք կատարել են պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի ծառայողները էթնիկ հայերի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ից, հղում անելով Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ հրապարակային զեկույցին, նշել են, որ հայատյացությունն Ադրբեջանում փակ շղթայի մեջ է, այն գեներացվում է Ադրբեջանի իշխանությունների, այդ թվում՝ բարձրագույն մարմինների կողմից ու արժանանում հանրային գովասանքի:
«Հենց այս ամենն է, որ անհրաժեշտ է նկատի ունենալ Հայաստանի Հանրապետության սահմանների որոշման գործընթացի ժամանակ՝ երաշխավորելու համար հայերի կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքները», - ասվում է պաշտպանի էջում։
Հայատյացությունն ու հայերի հանդեպ բռնության կոչերն աննախադեպ մակարդակի են հասել Ադրբեջանում, հատկապես Արցախի դեմ այդ երկրի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում։ Արտերկրում բնակվող ադրբեջանցիներն ու թուրքերը տեսանյութեր էին հրապարակում հայերի հասցեին սպառնալիքներով, ինչպես նաև հարձակվում հայերի վրա աշխարհով մեկ կազմակերպվող խաղաղ հանրահավաքների և բողոքի ցույցերի ժամանակ։
Ընթերցեք նաև․ Ադրբեջանական նոր նամականիշը՝ հայատյացության ևս մեկ դրսևորում