3 մարտի 2009 - 14:59 AMT
Հայ շախմատիստները կմասնակցեն Եվրոպայի անհատական առաջնությանը
Բուդվա քաղաքում (Չերնոգորիա) մարտի 6-18-ը կայանալիք շախմատի Եվրոպայի անհատական 10-րդ առաջնությանը Հայաստանից կմասնակցեն 7 շախմատիստներ, այդ թվում 2008 թվականի օլիմպիական չեմպիոններ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Արտաշես Մինասյանը, Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը, գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը, Զավեն Անդրեասյանը, ինչպես նաեւ միջազգային վարպետ Արթուր Չիբուխչյանը:

Նշենք, որ հայ շախմատիստները մինչ այժմ այս մրցաշարում հաջողություններ չեն գրանցել: Միայն Լեւոն Արոնայնը 2004 եւ 2005թթ. գրավել է երրորդ տեղը, իսկ Սլովակիան ներկայացնող հայ շախմատիստ Սերգեյ Մովսեսյանն անցյալ տարի դարձավ արծաթե մրցանակակիր:

Եվրոպայի առաջնությունը բաց է բոլոր խաղացողների համար, որոնք ներկայացնում են Եվրոպայի շախմատի միության անդամ շախմատի ֆեդերացիաները, անկախ նրանց կոչումներից եւ վարկանիշերից:

Այս տարի Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն 310 շախմատիստներ: Բացման արարողությունը տեղի կունենա մարտի 5-ին: Մրցաշարը բաղկացած է 11 փուլերից եւ կանցնի շվեյցարական համակարգով: Առաջին փուլը մեկնարկում է մարտի 6-ին: Խաղարկային օրերը մարտի 6-17 են: Հանգստյան օրը մարտի 13-ին է: Փակման արարողությունը տեղի կունենա մարտի 18-ին:

Մրցանակային հիմնադրամը կազմում է 120 000 եվրո, որոնցից առաջին տեղի համար` 15 000 եվրո, 3-րդ տեղի համար` 10 000 եվրո: Խաղարկային օրերն են մարտի 6-18-ը: Ժամանակի հսկողությունը` 2 ժամ 40 քայլի համար, այնուհետեւ 1 ժամ 20 քայլի համար եւ 15 րոպե մինչ պարտիայի ավարտը` 30 վայրկյան հավելումներով յուրաքանչյուր քայլի համար, սկսած 61-րդ քայլից:

Բացի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից, Եվրոպայի շախմատի միության որոշմամբ եւ ըստ ՖԻԴԵ-ի հրահանգների, մրցաշարում կխաղարկվի աշխարհի հաջորդ առաջնության 22 ուղեգիր:

Եվրոպայի առաջին ոչ պաշտոնական առաջնությունը համարվում է 1942թ. սեպտեմբերի 14-26 Մյունխենում կայացած մրցաշարը, որի կազմակերպիչն էր գերմանական շախմատի միության նախագահ Էրհարդտ Փոստը: Երկրորդ համաշխարհային պատերազմի պատճառով մրցաշարին չկարողացան մասնակցել Գերմանիայի հետ պատերազմող երկրների շախմատիստները, ինչպես նաեւ հրեա շախմատիստները:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը պաշտոնապես անց է կացվում 2000 թվականից Եվրոպայի շախմատի միության կողմից: Առաջին մրցաշարը տեղի է ունեցել իտալական Սեն Վինսենթ քաղաքում 2000 թ. հուլիսին: 2000-2008թթ. Եվրոպայի անհատական առաջնությունը անց է կացվել Մակեդոնիայում, Վրաստանում, երեք անգամ Թուրքիայում (2003, 2004, 2006), Լեհաստանում, Գերմանիայում եւ Բուլղարիայում: