Հայ խորհրդարանականները նշել են երկրում պրոֆեսիոնալ լրագրողների պակասը
«Հանրությունն արդեն հասկանում է, որ պետք է պահանջի եւ պարտադրի ԶԼՄ` ծառայել հասարակական շահին»,- փետրվարի 26-ին Հայաստանի խորհրդարանի կողմից «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ընդունված օրենքի մասին այսօր «Ժառանգություն» ընդդիմական կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի հետ կայացած քննարկման ժամանակ հայտնեց ՀՅԴ կուսակցությունից պատգամավոր Ռուզան Առաքելյանը: Երկու կուսակցություններն էլ առաջին ատյանում քվեարկել են այդ օրենքի օգտին:
Բայց Զարուհի Փոստանջյանը չհամաձայնեց այդ պնդման հետ եւ նշեց, որ վերջին տարվա ընթացքում եւ մինչ այդ բոլոր հեռուստատեսությունները ծառայել են իշխանություններին: «Հեռուստատեսությունները ղեկավարվում են ՀՀ նախագահի նստավայրից: Մարտի դեպքերը կարող էին եւ չլինել, եթե ԶԼՄ լուսաբանեին քաղաքական դաշտում տիրող իրական դրությունը»,- հայտնեց նա: Ռուզան Առաքելյանի խոսքով, վերջին ժամանակներս նա նկատում է հանրության եւ ԶԼՄ միջեւ ակտիվ կապը, ինչն ուրախացնում է իրեն եւ, նրա կարծիքով, հենց այդ կապն է հանգեցրել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում կատարված փոփոխություններին: «Օրենքում կան շատ դրական կողմեր, հատկապես այն փաստը, որ Հանրային հեռուստատեսության Խորհրդի բոլոր անդամները պետք է պաշտոն զբաղեցնեն մրցութային սկզբունքով»,- նշեց Ռուզան Առաքելյանը: Ընդ որում, նա առանձնապես ընդգծեց, որ Հայաստանում լրագրության ոլորտում մեծ խնդիր կա կադրերի, պրոֆեսիոնալիզմի հարցում:
Զարուհի Փոստանջյանը կրկին չհամաձայնեց Ռուզան Առաքելյանի հայտարարությունների հետ` նշելով, որ գոյություն ունեն օրենքում ուղղումներ ներմուծելու 3 հիմնական պատճառներ` ընդդիմության ակտիվությունը եւ այդ ոլորտում նրա կատարած աշխատանքը, «A1+» հեռուստաընկերության գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումը եւ ԵԽԽՎ կողմից համապատասխան դիտարկում անցկացնելու պահանջը: