3 մարտի 2009 - 18:58 AMT
Vivacell-MTC 100 մլն դրամ է հատկացրել Հայաստանում սպորտի զարգացմանը
Հայաստանի Vivacell-MTC բջջային օպերատորը ցանկություն է հայտնել օգնելու Հայաստանում օլիմպիական սպորտաձեւերի զարգացմանը: Այդ նպատակով այսօր Հայաստանի ԱՕՀ շենքում մամլո ասուլիս էր հրավիրվել, որի ընթացքում Հայաստանի բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Հիրիկյանն ու Հայաստանի ԱՕՀ նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկկողմ պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն Vivacell-MTC 100 մլն դրամ է հատկացրել Հայաստանում սպորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Գագիկ Ծառուկյանի խոսքով, այդ պայմանագիրը չի ենթադրում Vivacell-MTC կողմից պաշտոնական հովանավորություն:

«Այստեղ պաշտոնական հովանավորություն չկա: Կա միայն սպորտին օգտակար լինելու ցանկություն: Միայն այդ պատճառով մենք ընդունել ենք Vivacell-MTC առաջարկը` ներդրում կատարել Հայաստանում օլիմպիական սպորտաձեւերի զարգացման գործում: Այդ համագործակցության նպատակը Հայաստանում զանազան սպորտաձեւերի զարգացումն է, որի շնորհիվ մենք կկարողանանք հովանավորել մեր մարզիկների մասնակցությունը զանազան վարկանիշային մրցույթներում»,- ասել է Ծառուկյանը:

Ռալֆ Հիրիկյանն իր հերթին նշել է, որ համագործակցության մասին պայմանագիրը հաշվարկված է մեկ տարվա համար:

«Տարվ սկզբին մենք հայտարարեցինք, որ կդառնանք Հայաստանում սպորտի գործընկերը: Եւ, ելնելով մեր կարգախոսից, մենք ԱՕՀ հետ պայմանավորվեցինք համագործակցության մասին, բայց միայն այս տարի: Հետագա համագործակցության հարցը մենք կքննարկենք այս տարվա վերջին»,- նշել է Հիրիկյանը: «Մենք հավատում ենք մեր մարզիկների հնարավորություններին եւ մեր սպորտի ապագային ու վստահ ենք, որ մարզիչները կանեն ամեն հնարավոր բան, որպեսզի մարզիկները պատվով ներկայացնեն մեր երկիրը միջազգային հրապարակում: Մենք մշտապես աջակցելու ենք մեր մարզիկներին»,- ավելացրել է նա:

Vivacell-MTC հետ համագործակցության մասին պայմանագիրը Հայաստանի ԱՕՀ պարտավորում է երկրում քարոզել առողջ ապրելակերպ, կազմակերպել միջոցառումներ, ինչպես նաեւ ապահովել հայ մարզիկների մասնակցությունը օլիմպիական մրցույթներին: