Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ է մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձան, այդ թվում՝ 161 վանք և եկեղեցի, 591 խաչքար, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ:
Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև պետական 8 թանգարան՝ 19,311 ցուցանմուշով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ:
Զեկույցում ներկայացված են նաև հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։
Արցախի ՄԻՊ-ն անդրադարձել է նաև հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ադրբեջանական ապատեղեկատվության միտումնավոր տարածմանը և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը:
Ըստ ՄԻՊ զեկույցի՝ վերհանված դեպքերի և հայատյացության համատեքստի վերլուծությունը ցույց են տալիս, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ:
«Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը կանխամտածված ոչնչացնելու բազմաթիվ նախադեպերն ու առկա իրական վտանգները՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը»,-ասվում է ՄԻՊ հայտարարությունում։
Ավելի վաղ ՅՈւՆԵՍԿՕ-ն որոշել էր փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ։