Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Վարչապետը ծաղիկներ է դրել արցախյան պատերազմի հերոսների, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Փաշինյանն այցելել է պանթեոն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Անվտանգության խորհրդի անդամների հետ միասին։
Այցի ընթացքում վարչապետը կարճ վիճաբանություն է ունեցել լրագրողներից մեկի հետ, ով հարցնում էր նրան՝ ադրբեջանական է արդյոք Շուշին։
«Ես ձեզ հարց եմ տալիս, դու՞ք էիք հարց տալիս, թե ես հայտարարել եմ, որ Շուշին ադրբեջանական է», - մի քանի անգամ հարցրել է լրագրողին վարչապետը։
«Իմ մեջբերումը կբերեք անձամբ դուք թղթի վրա, որ ես դա հայտարարել եմ, ու ես ուղիղ եթերում ձեր հարցին կպատասխանեմ», - նշել է նա։
Այլ հարցերի Փաշինյանը չի պատասխանել։
Հունվարի 20-ին ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ չի եղել բանակցային գործընթացում իրավիճակ, երբ չէր քննարկվում Շուշի ադրբեջանցիների վերադարձի հարցը։
«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով։ Մեկ էլ ասում եք, թե հայտարարել ես` Արցախը Հայաստան է։ Եթե դուք համարում եք, որ Արցախը Հայաստան չէ, և դա ձեր դիրքորոշումն է, ուրեմն ձևակերպեք այդ դիրքորոշումն և պաշտոնապես արձանագրեք»,– նշել էր վարչապետը։