29 հունվարի 2021 - 11:47 AMT
ՇՄՆ․ Սևանից ձկնորսական 22 ցանց է հանվել, առգրավվել՝ 5153 հատ սիգ

Սևանա լճից դուրս է բերվել ձկնորսական 22 ցանց, առգրավվել է 5153 հատ սիգ տեսակի ձուկ, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

ՇՄՆ-ից նշում են, որ ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020-ի դեկտեմբեր և 2021-ի հունվար ամիսներին իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 5153 հատ (ընդհանուր քաշով 1837 կգ) սիգ տեսակի ձուկ:

«Սևանա լճից դուրս է բերվել 22 հատ, յուրաքանչյուրը 100-ական մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց: Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 9․1 մլն դրամ»,- նշել են նախարարությունից։

Առգրավված ձկները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանձնել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի» գիշերօթիկ դպրոց, Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը: