Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խումբը հունվարի 28-ին տեսակցել է Հանրապետության հրապարակից նույն օրը բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց Երևանի քննչական վարչությունում:
ՄԻՊ-ից հայտնում են, որ առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկվածների կամ ձերբակալվածների հետ, ուսումնասիրել նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև՝ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։
ՄԻՊ գրասենյակից նաև հայտնում են, որ այցի արդյունքները կամփոփվեն և նախաձեռնված ընթացակարգի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, այդ թվում` գրավոր ընթացակարգով նրանց մի մասի կամ փաստաբանների բողոքների հիման վրա:
Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ հունվարի 28-ին 5 անձ է ձերբակալվել՝ Կառավարության շենքը զավթելու փորձի կասկածով։ Նույն օրը ազատամարտիկ Վահան Բադասյանը հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին զենքով իշխանությունից հեռացնելու մասին։ Նրա դեմ մեղադրանք կա։