1998-ին ծնված գորիսեցի երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին և 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, առևանգել է նույն քաղաքի բնակիչ, 2000 թվականին ծնված աղջկան։
Երիտասարդին ու ևս 3 հոգու մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորելու միջնորդություն կա:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ 20-ամյա աղջիկը գործով տուժող է, հարցաքննվել է: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին, նրա երկու ընկերորձն ու բարեկամներից մեկին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդու առևանգում) 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական օրենսգրքով նշված արարքի համար սահմանվում է ազատազրկում 4-8 տարի ժամկետով:
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ առաջին անգամ աղջկան առևանգելուց հետո նրան տարել են Սյունիքի մարզի մեկ այլ բնակավայր, որտեղից նա ծնողի հետ վերադարձել է տուն։ Դրանից մեկ ամիս անց, կրկին մերժվելով, երիտասարդը բարեկամների հետ ավտոմեքենայով հետապնդել է համալսարան գնացող աղջկան, նորից առևանգել ու տարել մեկ այլ բնակավայր։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երիտասարդի մյուս բարեկամին վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: