ԱՄՆ եւ Ռուսաստանը հարմար պահի են սպասում, որպեսզի հարցը լուծեն իրենց օգտին
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ոչ բոլոր մասնակիցներն են, որ որոշումների ընդունման ազատություն ունեն, իսկ նրանք, ովքեր ունեն, համապատասխան պահին են սպասում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԵՊՀ պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Նրա խոսքով, այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄն եւ Ռուսաստանը, հարմար պահի են սպասում, որպեսզի հարցը լուծեն իրենց օգտին: «Ղարաբաղյան դիմակայության հիմնական զոհը հայերն են, որոնք բռնությամբ աքսորվեցին մշտական բնակության վայրերից` Արեւելյան Անդրկովկասում, Նախիջեւանում, Կենտրոնական եւ Հյուսիսային Արցախում: Դրա հետ մեկտեղ այդ հատվածի հայության ներկայացուցիչները մինչ օրս նյութական կամ տարածքային հատուցում չեն ստացել»,- ընդգծել է Մանասյանը:
Պրոֆեսորը ներկայացրեց նաեւ իր «Ղարաբաղյան դիմակայություն» գիրքը, որը լույս է տեսել 2008թ.: Հրատարակության մեջ ներկայացված են պատմական եւ իրավական փաստարկներ, որոնք անհերքելիորեն մատնացույց են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ձեւավորման լիարժեք օրինականությունը եւ համաձայնությունը ժողովրդի հետ` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: «Ղարաբաղյան դիմակայություն» գիրքն իր մեջ փաստարկներ է պարունակում, որոնք անհրաժեշտ են ինչպես ընդդիմադիրների հետ վիճաբանություններում, այնպես էլ, ըստ էության, անտեղյակ մարդկանց հասանելի կերպով բացատրություն տալու եւ իրադրությունը ներկայացնելու համար: Մասնավորապես, բաժիններից մեկը վկայում է, որ 1988թ. փետրվարի սումգայիթյան ջարդերը բոլորովին էլ պատահական չէին, այլ միջոցների շղթայի հերթական օղակն էին` մի շղթայի, որը տանում էր դեպի նշանակետը` Ադրբեջանի մաքրումը հայկական էթնոսից: