15 փետրվարի 2021 - 15:45 AMT
Սևանում ապամոնտաժվում են ապօրինի շինությունները՝ պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, տնակներ

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ենթակա ափամերձ տարածքներում ապամոնտաժվում են 1901.5 մետր նիշից ներքև գտնվող ապօրինի կառուցված շենք-շինություններ, հանգստի գոտիների պարիսպներ, քարաշեն կիսակառույցներ, երկաթյա տնակներ ու տաղավարներ, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Ներկայումս աշխատանքներն իրականացվում են Սևանի հանրային լողափում, հանրային լողափից դեպի թերակղզի ընկած ափամերձ և Սևանի նավամատույցի հարևանությամբ գտնվող լճափնյա հատվածներում։

Բավականին մեծածավալ աշխատանքներ են ընթանում, սակայն դրանց ծավալը կախված է նաև «Սևան» ազգային պարկի սեփական կարողությունների ոչ բավարար հզորության հետ։ Արդեն մեկնարկել է այդ կարողությունների ընդլայնման և հզորացման գործընթացը. շուտով ձեռք կբերվի նոր տեխնիկա, որի կիրառմամբ էլ ավելի մեծ թափով կընթանան լճի առափնյա հատվածները տեսքի բերելու և կարգուկանոն հաստատելու աշխատանքները։

Սևանի ու դրա ջրհավաք ավազանի ջրային պաշարների, կենդանական և բուսական աշխարհի, էկոլոգիական ենթահամակարգերի անխաթարության ապահովման գործում անչափ կարևոր ու առանցքային է ափամերձ հատվածներում տնտեսվարման պատշաճ վերահսկողությունն ու ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը։