15 փետրվարի 2021 - 17:14 AMT
ԱՀԿ-ն Covid-19-ի` հայտարարվածից ավելի վաղ տարածման նշաններ է գտել

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Փիթեր Բեն Էմբարեկը հայտարարել է, որ 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում կորոնավիրուսի 13 շտամ է շրջանառվել։

Էմբարեկը պատմել է, որ եթե այդ շտամերն ուսումնասիրվեն 2019-ին կորոնավիրուսով հիվանդացած անձանց տվյալների հետ միասին, դա կարող է հուշել կորոնավիրուսի առաջացման ժամկետների և աշխարհագրության մասին, գրում է «Վեդոմոստին»։

Էմբարեկն ասել է նաև, որ շտամերից մի քանիսը կապված են շուկաների, այդ թվում` Ուհանի ծովամթերքի շուկայի հետ։ Ըստ նրա` փոփոխությունները վիրուսի գենետիկ կազմում ընդհանուր են և սովորաբար անվնաս։ Դրանք տեղի են ունենում ժամանակի ընթացքում, երբ վիրուսը կենդանուց անցնում է մարդուն և բազմանում։ Էմբարեկը հրաժարվել է եզրակացություններ անել։

Ավստրալիայի Սիդնեյի համալսարանի վիրուսաբան, պրոֆեսոր Էդվարդ Հոլմսը հայտարարել է, որ շտամերի նման բազմազանությունը կարող է նշանակել, որ կորոնավիրուսը 2019-ին ամսից ավելի է շրջանառվել Չինաստանում։ Կորոնավիրուսը կարող էր տարածվել և աննկատ մնալ մինչ համաճարակի բռնկումը Ուհանում դեկտեմբերին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տվյալներ ունի SARS-CoV-2-ի նոր շտամերով կրկնակի վարակումների մասին, չնայած վիրուսի հանդեպ հակամարմինների առկայությանը։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը։

Photo. AFP