18 փետրվարի 2021 - 11:58 AMT
Փաշինյան․ Տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում

Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում, 2020-ի փետրվարի առաջին 15-օրվա համեմատ իսկ դրամաշրջանառությունն աճել է 12%-ով կամ մոտ 31․4 մլրդ դրամով, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոքով՝ փետրվարի առաջին 15 օրվա տվյալով՝ ՀՀ-ում հսկիչ դրամարկղային կտրոններով և հաշվարկային փաստաթղթերով 604,000 գործարք ավելի է եղել, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրում։

«Դրամաշրջանառության մասով գրանցված 31 մլրդ դրամի աճը հիմնականում վերաբերում է 3 ոլորտի՝ ավելացել են սպառման, արտադրության և ծառայությունների մատուցման ծավալները։ Արձանագրված 604,000 գործարքը վերաբերում է նշված ոլորտներին։ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20%-ը` հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը»,- հավելել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

Փաշինյանը հույս է հայտնել, որ «մեծագույն խնդիրներից մեկը»՝ սպառման ծավալների անկումը սրանով կվերականգնվի։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը էլ հավելել է, որ սպառման բազմաթիվ միջոցառումներ, օրինակ՝ հարսանիքներ, հետաձգված են եղել, այժմ այդ կուտակված «պարտքերն են մարվում» և պետք է ուշադիր լինել՝ չթուլացնելով ոլորտին հատկացվող աջակցությունը։

2020 թվականին` 2019-ի հետ համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 7․5%-ով: