Անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ընտանքիներին տրվող աջակցության ծրագիրը դեռևս չի ամբողջացել, կան շահառուներ, որոնց գումարը դեռևս չի փոխանցվել, պետք է արդեն ավելի ինտենսիվ զբաղվել, որ այս խնդիրը լուծվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, թե կարգերի մեջ պետք է փոփոխություններ անել, որպեսզի աջակցությունն ավելի արդյունավետ տեղ հասնի:
«Կարևոր թերություն եմ համարում այն, որ երեխաները, ոնց որ թե, որպես շահառու չեն հաշվառվում ու որոշակի հարցեր են առաջանում: Ես հանձնարարել եմ, որ այդտեղ որոշակի ուսումնասիրություն անենք ու որոշակի ճշգրտումների կարիք կա», - ասել է վարչապետը՝ հավելելով, որ գործող ծրագրերում ևս պետք է հետևողական լինել շահառուների արձագանքներին։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ արձագանքել է, թե իրենք ևս այդպիսի բողոքներ են ստանում։
«Այո, կան բողոքներ, բայց այն հրատապությունը, որ մենք պարտավոր էինք ապահովել նախորդ ժամանակաշրջանում, կոնֆլիկտի մեջ են։ Այո, ճիշտ է, երեխաների խնդիրը կա, այո, մենք պետք է բարելավենք այս միջոցառումները», - ասել է փոխվարչապետը՝ նշելով, որ նույնականացման գործառույթը դանդաղեցնում է օժանդակության տրամադրման ընթացքը։
44-օրյա պատերազմից հետո Կառավարությունն աջակցության ծրագրեր է մշակել արցախցիների, անհետ կորած, գերեվարված, հաշմանդամություն կամ վիրավորում ստացած և զոհված զինծառայողների համար։