Կարելի է ոչ խելամիտ կերպով անդառնալի վնաս հասցնել, բայց կարելի է նաև բնական ռեսուրսների օգտագործումից ստացած եկամուտները լրջորեն ներդնել հենց բնության վերականգնման և շրջակա միջավայրի պահպանման մեջ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարությունում։ Վարչապետը, ըստ էության, ակնարկել է հանքերի ու մասնավորապես՝ Ամուլսարի շահագործման մասին։
«Այդ պաշարների օգտագործումը պետք է լինի խելամիտ, որպեսզի շրջակա միջավայրին հասցված վնասների հետևանքները լինեն կառավարելի: Սա, իհարկե, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ շատ դառն արձանագրում է, բայց արձանագրում է, որը չունի այլընտրանք: Հետևաբար, շրջակա միջավայրի նախարարության առաջնային առաքելությունը հենց այս ճշգրիտ բալանսին, հավասարակշռության կիրառմանը հետևելն է և դա ապահովելը»,- ասել է Փաշինյանը խորհրդակցության ընթացքում:
Ըստ վարչապետի՝ ժամանակակակից քաղաքակրթության համաձայնությունն այն է, որ բնական պաշարների խելամիտ օգտագործումն անխուսափելի է։
Նա նշել է, թե Հայաստանում իրենք չեն կարող տնտեսական և քաղաքակրթական գործունեությունը կանգնեցնել, ըստ Փաշինյանի՝ գրոտեսկային կարող է հնչել սակայն նույնիսկ շենքը, որտեղ իրենք նստած են, կառուցվելիս վնաս է հասցրել շրջակա միջավայրին։
Փաշինյանը փետրվարի 4-ին հայտարարել էր, որ հանքարդյունաբերությունը տնտեսության համար առանցքային դեր ունի, նշել՝ առաջիկայում որոշում կունենան Ամուլսարի հանքի ներդրումային ծրագրի հետ կապված: