ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Լավրովը հույս է հայտնել, որ ՀՀ-ում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ հունով, գրում է ՌԻԱ Նովոստին։
ԱԳ նախարարը նաև ասել է, որ ՌԴ-ն դիտարկում է իրավիճակը երկրում որպես Հայաստանի ներքին գործ։
Այվազյանը տեղեկացրել է ՀՀ-ում իրավիճակի վերջին զարգացումների մասին։
Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:
Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքը անցկացնում է Ազատության հրապարակում։