ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե կարգավիճակի հարց այլևս չկա, հայտարարել է, որ Արցախը չի կարող այդ երկրի մաս կազմել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Նա նշել է նաև, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է անվերպահ ճանաչվի։
«Արցախի Հանրապետությունը / Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող Ադրբեջանի մաս լինել, չի կարող լինել որևէ ինտեգրում, և մեր ժողովուրդը չի կարող ապրել իր հողի վրա որպես «Ադրբեջանի քաղաքացի»: Մեր իրացված ինքնորոշման իրավունքը պետք է ամբողջությամբ և անվերապահորեն ճանաչվի»,- ասվում է Բեգլարյանի գրառման մեջ։
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարն անդրադարձել է նաև գերիների մասին Ալիևի հայտարարությանը, ըստ որի նրանք «ահաբեկիչներ ու դիվերսանտներ են»՝ նշելով, որ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, իսկ որոշ հայ գերիներ խոշտանգվել են բանտերոմ։
«Ալիևը ստում է գերիների մասին։ Ադրբեջանը պահում է ոչ միայն հետպատերազմյան շրջանում գերեվարվածներին, այլ նաև պատերազմի ընթացքում գերեվարված քաղաքացիական անձանց (այդ թվում կանանց և տարեցների) և բազմաթիվ ռազմագերիների՝ անհերքելի ապացույցներով: Ինչ վերաբերում է պատերազմից հետո գերեվարված 62 անձանց, ապա նրանք ոչ մի մարտի չեն մասնակցել։ Իսկ գերիներից մի քանիսը խոշտանգվել են Ադրբեջանի բանտերում»։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փետրվարի 26-ին տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտարարել էր, թե Արցախի կարգավիճակի հարցը պետք է դուրս գա քաղաքական օրակարգից։Ալիևը հայտարարել էր նաև, որ Բաքուն վերադարձրել է բոլոր գերիներին և զոհվածների մարմինները:, իսկ պահվում են «միայն ահաբեկիչներն ու դիվերսանտները»։