Հայ թեքվանդոիստները պատրաստվում են «Արեւածագի 10 օր» առաջնությանը
Հայաստանի թեքվանդոյի ազգային եւ երիտասարդական հավաքականները պատրաստվում են «Արեւածագի 10 օր» միջազգային առաջնությանը, որը տեղի կունենա ապրիլի 11-13 Թեհրանում: Ինչպես PanARMERNIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի թեքվանդոյի Ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը, այդ առաջնությունը դասվում է A կարգին, այսինքն` մակարդակով զիջում է միայն Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին:
«Ինչպես դուք գիտեք, վերջին անգամ մենք Թեհրանում ելույթ ենք ունեցել թետրվարին` «Բարեկամության գավաթ» առաջնության շրջանակներում երկու հավաքականներով, որտեղ երիտասարդական հավաքականը 2-րդ տեղը զբաղեցրեց, իսկ պատանեկանը` 3-րդ: Այնտեղից մենք ընդհանուր հաշվով 8 արծաթե եւ 9 բրոնզե մեդալ բերեցինք: Այս անգամ մեր սպասումներն ավելի լավատեսական են: Մենք արդեն լուրջ ոսկու հավակնորդներ ունենք: Նախ, դա 2008թ. Եվրոպայի չեմպիոն Արման Երեմյանն է, մեծ հույսեր ենք կապում նաեւ Մաքսիմ Սահակյանի եւ Վարագա Աղաջանյանի հետ, երիտասարդներից նույնպես կան մարզիկներ, որոնց հաջող ելույթների հետ մենք նույնպես հույսեր ենք կապում»,- ասել է Ղահրամանյանը:
Դրա հետ մեկտեղ մարտի 30-ին եւ 31-ին Երեւանում կկայանա Հայաստանի թեքվանդոյի երիտասարդական առաջնությունը, որի արդյունքում կձեւավորվի երկրի հավաքականը:
«Այս տարի մենք ծրագրում ենք մասնակցել մի շարք պաշտոնական եւ ոչ պաշտոնական առաջնությունների, ինչպես նաեւ 3-4 ուսումնա-մարզական հավաքներ կացնկացնենք Թեհրանում: Այդ հավաքները մեզ համար շատ կարեւոր դեր են խաղում, քանի որ այս տարի մենք պետք է մասնակցենք երկու ԵԱ եւ ԱԱ, որը կկայանա հոկտեմբերին Կոպենհագենում: Իսկ հավաքականները մենք կազմում ենք բացառապես երկրի չեմպիոններից, այնպես որ առաջիկա առաջնությունը կարող է փոփոխությունների հանգեցնել երիտասարդական հավաքականի կազմի մեջ»,- նշել է Ղահրամանյանը:
Թեքվանդոյի հայկական պատվիրակությունը առաջիկա առաջնությանը Թեհրանում հավաքականի գլխավոր մարզիչ Գեւորգ Դանիելյանի եւ նրա օգնականի`իրանցի Ռահիմ Սամեհիի ղեկավարությամբ կներկայացնեն 18 թեքվանդոիստներ, որոնցից երիտասարդ մարզիկները հանդես կգան 8 քաշային կարգերում, իսկ ազգային հավաքականը` 10 քաշային կարգերում: