Հարավկովկասյան կոնֆեդերացիայի ստեղծումը Հայաստանին միայն օգուտ կբերի
ԵՄ հովանու ներքո Հարավային Կովկասի երկրների միավորումը մեկ կոնֆեդերացիայի մեջ այդ պետություններին թույլ կտա զարգացնել տնտեսությունը եւ մի քանի տարի անց դառնալ Եվրամիության ասոցիատիվ անդամներ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի Հայկական միությունների ֆորումի (ԱՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը:
«Նման կոնֆեդերացիայի ստեղծման գաղափարը բարձրացվեց 2008թ. Եվրոպայի տնտեսական ֆորումի ժամանակ: Նրա իմաստը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, ԼՂՀ, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի միավորումն է մեկ կոնֆեդերացիայի մեջ»,- նշել է Աշոտ Գրիգորյանը` հաղորդելով, որ այդ նախաձեռնությունն ինքն արդեն ներկայացրել է ԵՄ ղեկավարությանը, որը դրական է գնահատել այն: «Մենք արդեն հանդիպել ենք Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի հետ եւ որոշել, որ այդ հարցը մանրամասն կքննարկվի սեպտեմբերին սպասվող եվրոպական տնտեսական ֆորումին»,- նկատել է Աշոտ Գրիգորյանը` ավելացնելով, որ այդ նախաձեռնությունը կարող է ամրապնդել Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Գրիգորյանի խոսքով, Հարավկովկասյան կոնֆեդերացիայի ստեղծումը ենթադրում է անցագրային ռեժիմի պարզեցում, ներդրումային ծրագրեր, սահմանների բացում:
«Ինձ թվում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես դրական կվերաբերվեն այդ գաղափարին: Նրանք պետք է հասկանան, որ տարածաշրջանային համագործակցությունն իրենց երկրների զարգացման լավագույն ճանապարհն է»,- նշել է ԱՀՄՖ ղեկավարը: Աշոտ Գրիգորյանը չի բացառել, որ կոնֆեդերացիայի ստեղծման գաղափարը կարող է կյանքի չկոչվել, բայց միեւնույն ժամանակ նշել է, որ Հայաստանը դրանից ոչինչ չի կորցնի, այլ ընդհակառակը` կարող է իր օգուտը քաղել: «Եթե Ռուսաստանը համաձայնի այդ նախագծին, ապա այդ Հարավկովկասյան կոնֆեդերացիան կարող է կամուրջ դառնալ Ռուսաստանի եւ ԵՄ միջեւ»,- ընդգծել է Աշոտ Գրիգորյանը: