4 մարտի 2021 - 20:37 AMT
Boeing-ն Իրանից ՀՀ տեղափոխելու պայմանավորվածություն կա, քրգործ է հարուցվել

Fly Armenia Airways ավիաընկերության՝ Իրանում հայտնված Boeing 737 օդանավը (գրանցման համարը EK-FAA), որը պետք է մեկներ Ուկրաինա, բայց անհայտ պատճառնելով արտակարգ վայրէջք է կատարել Թեհրանում, Երևան տեղափոխելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին ասվում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հայտարարության մեջ։

«Համաձայն վարձակալության պայմանագրի՝ ավիաընկերությունը հանդիսանում է օդանավ շահագործողը, հետևաբար՝ օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված այլ հարցերով պատասխանատուն հանդիսանում է ավիաընկերությունը:

Ավիաընկերությունը Կոմիտեին ներկայացրել է օդանավի գրանցման հայտ, որի արդյունքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, օդանավը գրանցվել է Կոմիտեի կողմից վարվող ՀՀ քաղաքացիական օդանավերի պետական ռեգիստրում և օդանավին տրվել է ազգային և գրանցման նիշ:

Հարկ ենք համարում նշել, որ օդանավին չի տրվել թռիչքային պիտանիության վկայական։

Այդ ժամանակահատվածում օդանավը գտնվել է Էստոնիայի Տալլին քաղաքի օդանավակայանի տեխսպասարկման կայանում՝ տեխսպասարկման աշխատանքներն ապահովելու նպատակով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ տեխսպասարկման կայանում ոչ բոլոր աշխատանքներն են իրականացվել և անհրաժեշտություն է առաջացել չիրականացված աշխատանքներն ավարտին հասցնել Գոստոմել քաղաքում (Ուկրաինա) տեղակայված տեխսպասարկման կայանում՝ Կոմիտեն, հիմք ընդունելով ավիաընկերության կողմից «Oդանավի թռիչքի թույլտվություն» ստանալու նպատակով ներկայացված հայտը, 2021 թվականի փետրվարի 11-ին, չհակասելով միջազգային ավիացիոն ստանդարտներին, տվել է համապատասխան թույլտվություն՝ Տալլինից Կիև ուղղությամբ մեկանգամյա թռիչք իրականացնելու համար՝ 2021-ի փետրվարի 12-22-ը վավերության ժամկետով։

Միաժամանակ, ավիաընկերությունը դիմել է Կոմիտեին՝ ճանաչելու Տաջիկստանի քաղաքացիներ հանդիսացող օդաչուական անձնակազմի վկայականները և թույլատրել այդ անձնակազմով իրականացնել մեկ թռիչք դեպի Գոստոմել օդանավակայան։ Կոմիտեն իր լիազորությունների շրջանակում կատարել է անհրաժեշտ հարցումներ, որոնց վերաբերյալ հաստատումները ստանալուց հետո վավերացրել է անձնակազմի վկայականները՝ 20212. փետրվարի 12-20-ն ընկած ժամանակահատվածում կատարել թռիչք Տալլին-Կիև երթուղիով։

«Այդուհանդերձ, թռիչքն իրականացվել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի Մեհրաբադ օդանավակայանում: Նշենք նաև, որ Ավիաընկերությունը նույնպես Կոմիտեին տեղեկացրել է, որ նախատեսված թռիչքուղղու փոփոխությունը տեղի է ունեցել առանց վերջիններիս համաձայնության և գիտության։

Հարկ ենք համարում նշել, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաև թռիչքի վերգետնյա սպասարկման համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ թռիչքային անձնակազմի և Իրանի ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի Մեհրաբադ Միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջքը կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։

Կոմիտեում իրականացվում է քննություն վերը նշված հանգամանքների ուսումնասիրության նպատակով:

Դեպքի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն: Կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրամադրվել են իրավապահ մարմիններին:

Ներկայումս Կոմիտեի համապատասխան ներկայացուցիչները գտնվում են Իրանում՝ օդանավը ՀՀ տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու և հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով: Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու և հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով Իրանում են գտնվում նաև Ավիաընկերության օդաչուական և տեխնիկական անձնակազմը։

Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք են բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։

Թեհրանում Ավիաընկերության համապատասխան տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ և համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրանակացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ-ում գրանցված՝ ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ևս անդրադարձել է այդ հարցին՝ նշելով, որ oդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, և, ըստ պլանի, պետք է վայրէջք կատարեր Երևանում, սակայն, ի վերջո հայտնվել է Թեհրանում։