13 մարտի 2021 - 14:49 AMT
Ընդդիմությանը չի հաջողվել խոչընդոտել վարչապետի մուտքն ԱԳՆ․ Ակցիան Բաղրամյանում կշարունակվի

Հայրենիքի փրկության շարժման համակիրները չեն կարողացել փակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն Արտաքին գործերի նախարարության շենք, ԱԳՆ-ի մոտ անցկացրած ակցիայից հետո նրանք շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա։

Այդտեղ արդեն նրանք պատրաստվում են դիմավորել նախագահի հետ հանդիպման եկող քաղուժերին, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Փաշինյանի հանդիպումը նախատեսված էր 12:30-ին, նա ժամանել է դրանից մեկ ժամ շուտ: Նա չի վստահում հազարավոր ոստիկաններին և գիտի, որ նույնիսկ նրանք չեն կարողանա պաշտպանել իրեն»,-ԱԳՆ-ի մոտ հավաքվածներին ասել է ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը։

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ընդդիմությունը հասել է իր առջև դրված նպատակին։

«Մենք ստացանք այն պատկերը, որն ի սկզբանե ուզում էինք ստանալ։ Մենք այս ակցիայով ցանկանում էինք ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող ազատեն շրջել այս երկրում։ Եվ արեցինք դա»,- ասել է նա։

Հայրենիքի փրկության շարժման համակիրները հավաքվել էին Կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը ԱԳՆ շենք, որտեղ վարչապետը հանդիպելու էր նախարարության աշխատողներին։ Ընդդիմությունն էլ նախապես էր հայտարարել, որ փորձելու է փակել վարչապետի ճանապարհը։ Կառավարության մասնաշենքի շրջակայքում այս պահին նույնպես մեծ քանակությամբ ոստիկանական ուժեր են կուտակված, նախարարության շենքի ու հարակից մի քանի շենքերի տանիքներին դիպուկահարներ են տեղակայվել։

Հայաստանում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։