Երանի Փաշինյանին ու 17-ին ավերապահորեն վստահողներին, զի նրանք գոնե ինչ-որ բանի հավատում են։ Մնացյալ Հայաստանը հասել է մի կետի, երբ անկախ նրանից՝ Փաշինյանը կմնար իշխանության, կհեռացվեր ռազմական հեղաշրջմամբ թե 17-ի ջանքերով, հավատալու էր, որ ավելի վատ է լինելու։
Սա են փաստում վերջին հարցումները․ մոտ կեսը դրական սպասելիքներ չունի, ամեն հինգերորդը 5-10 տարուց իրեն երկրում չի տեսնում, ինչքան բարձր է կրթությունն ու եկամուտը՝ այդքան ցածր է վարչապետի վարկանիշը, սակայն մնացածները վարկանիշ չունեն անգամ այդ խավի շուրջ, իսկ ամենապոպուլյար՝ 33-տոկոսանոց «Իմ քայլից» էլ առաջ անցնող «կուսակցություն» կա՝ «ոչ մեկը»։ Հայաստանի քաղաքական դաշտը սպառված է, ոչնչացված։
Հիմա՝ Գլխավոր շտաբի շուրջ թնջուկի գոնե ժամանակավոր ավարտից հետո, արդեն բոլորին, բացի իշխանության ամենամոլի երկրպագուներից, հասկանալի է, որ Հայաստանում ոչ մի հեղաշրջման փորձ էլ չի եղել․ անգամ ԱԳ նախարարն այդ մասին հայտարարեց։
Հասկանանք՝ ինչ կատարվեց․ վարչապետի՝ անզգույշ, անհեռամիտ, չհաշվարկված, ու միակ դաշնակցի այցեքարտի՝ զենքի հասցեին արված վիրավորական հայտարարությունից ու դրա վրա ծիծաղելու համար Ազգային հերոս հռչակած գեներալին պաշտոնից ազատեցին: Դրանից հետո ԳՇ-ն՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականն ու նախազգուշացնելով ուժի կիրառման մասին, պարզապես ասաց ընդդիմությանը՝ «գործեք՝ մենք տեր ենք, որ ձեզ բռնության չեն ենթարկի»։ Ընդդիմությունը՝ ժողովրդի կրիտիկական զանգված ապահովելու փոխարեն, չգտավ ավելի տաղանդավոր ելք, քան Բաղրամյան պողոտայում թույլ տալ ներկա լինել Լևոն Երանոսյանին, Առաքել Մովսիսյանին կամ Տարոն Մարգարյանին։ Այսինքն՝ այն ամենին, ինչի դեմ կրիտիկական զանգվածը 2018-ին, вообще-то, ապստամբել էր՝ ուղարկելով այնքան հեռու, որ անգամ նոր իշխանության օրոք եղած կապիտուլյացիայից, հազարավոր զոհերից ու մնացածից հետո ամեն երրորդը պատրաստ է ընտրել վերջիններին, իսկ ամեն չորրորդը՝ ոչ մի դեպքում պատրաստ չէ տեսնել հներին։ Միակ բանը, ինչն իրենց մնում է՝ չեկողներին ժեխ, ցեխ, ու բոմժ անվանելն է․ «Յուպիտեր, դու ջղային ես՝ ուրեմն, սխալ ես»։ Չնայած՝ ինչ Յուպիտեր։ 3 տարում 2018 թվականին կատարվածը վերագրվեց ամեն ինչին՝ Սորոսին, Ջին Շարփին, անգլիացիներին, թուրքերին, բայց մեկը հրապարակավ չասեց՝ «բայց այ մենք ի՞նչն ենք սխալ արել»։
Ինչևէ՝ մարտի սկզբին Հայաստանը հատեց անդառնալիության մի կետ․ տարիներ անց քաղաքացիներին տանջելու է «իսկ ի՞նչ, եթե 2021-ի գարնանը պատմության անիվը հակառակ կողմ պտտվեր» հարցը։ Քանի որ Փաշինյանը հաղթել է, մարդիկ մտածելու են. «Իսկ ինչպե՞ս մեր կդասավորվեր կյանքը, եթե Օնիկ Գասպարյանը տանկեր հաներ»։ Բայց եթե Օնիկը տանկեր հաներ, հարցնելու էին. «Իսկ ինչ, եթե Նիկոլն Օնիկին հաղթեր»։ Եթե հաղթեր 17-ը, հարցնելու էին. «Իսկ ինչ, եթե Նիկոլը մնար, կամ Օնիկը երկուսին էլ տանկերով սրբեր»։
Հարցնելու ենք, ու պատասխաններ չենք գտնելու, որովհետև ոչ զինվորականները, ոչ Փաշինյանենք, ոչ 17-ենք չունեն ու չեն կարողանա տալ պատասխան բազմաթիվ օրհասական հարցերի, ու, նրանց թվում, հարցերի հարցին՝ ինչ է լինելու 5 տարուց Հայաստանի ու Արցախի մնացորդների հետ, եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղապահները պիտի լքեն տարածքը՝ իսկ նա դա, գոնե թղթով, կարող է անել միակողմանիորեն։
Մինչև չհայտնվեն խմբեր ու ուժեր, որոնք այդ ու հարյուրավոր հարցերի թեկուզ ցավոտ ու կոպիտ, բայց անհրաժեշտ ու ազնիվ պատասխաններ չտան, Հայաստանը շարունակելու է ոչ թե գոյություն ունենալ, այլ գոյատևել։