Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ Կապանի հարակից հատվածից հրապարակված տեսանյութի առթիվ Պաշտպանության նախարարության Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստվում են, հայտնել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Նա նշել է, որ նյութեր են պատրաստվում ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով։
Տեսանյութում զինծառայողները ցույց են տալիս մարտական հենակետի պայմանները։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն։
Զինծառայողները նշում են, թե իրենց ասել են՝ «պոստը թողեք», սակայն իրենք չեն լքել դիրքը։ Նրանց խոսքով՝ ոչ ռազմական ոստիկանությունն է աշխատում, ոչ էլ ԱԱԾ-ն։