15 մարտի 2021 - 13:00 AMT
«Ժառանգությունը» կոչ է անում ազգային համաձայնության կառավարություն ստեղծել

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը միաձայն որոշել է նպատակահարմար համարել ազգային համաձայնության՝ արհեստավարժների կառավարության ստեղծումը։

Նիստն անցել է ՀՀ արտաքին գործերի առաջին նախարար և կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակցել է երկրի բոլոր մարզերից ժամանած 50 պատվիրակ։

Քաղաքական խորհուրդը հանգամանորեն քննարկել է հայրենիքում և տարածաշրջանում առկա ներքաղաքական իրավիճակը՝ զարգացման հնարավոր դիպաշարերով:

«Ժառանգություն» կուսակցության քաղաքական խորհուրդը միաձայն որոշել է.

ա) արձանագրել, որ 2020թ. նոյեմբերին և 2021թ. հունվարին ստորագրված եռակողմ հայտարարությունները օրենսդրական վավերացում և դատական վերահսկողություն պահանջող վերջնական պարտադիր խաղաղության համաձայնագրեր չեն, այլ ռազմականորեն պարտադրված զինադադարի պայմանավորվածություններ.

բ) նպատակահարմար համարել ազգային համաձայնության՝ արհեստավարժների կառավարության ստեղծումը, որը կփոխարինի այդ հայտարարությունները ստորագրած կառավարությանը՝ մինչև երկրի համապարփակ կայունացում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում.

գ) պահանջել այդ կառավարությունից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնում (Ադրբեջանի կողմից գրավյալ տարածքի ապաբռնագրավում).

դ) նույնպես պահանջել Արցախի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առնվազն դե ֆակտո ճանաչում.

ե) Մոսկվայի պայմանագրի 100-րդ տարեդարձի նախօրեին հորդորել Ռուսաստանի Դաշնությանը՝ բարի կամքով և, որպես ռազմավարական գործընկոջ, չեղարկել, ոչ թե ընդլայնել կամ խորացնել այդ պայմանագրի հակահայկական դրույթների կիրառումը:

Մարտի 13-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: