ՌԴ-ում հայկական ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ ադրբեջանցու սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը մարտի 13-ին տեղափոխվել է Հայաստան՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար: Այս մասին ասել է նրա ռուսաստանաբնակ փաստաբան Արթուր Դաշյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Առաքելյանը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, որից 6 տարին արդեն կրել է՝ ներառյալ նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:
Փաստաբանն արդեն չորս տարի պայքարում է, որ ՌԴ իշխանությունները ՀՀ իրավապահներին փոխանցեն Առաքելյանին՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար: Ըստ նրա` ՀՀ արդարադատության նախարարը, կոնվենցիայի համաձայն, կարող է միանձնյա որոշում կայացնել` ընդունելու կամ չընդունելու:
Առաքելյանին ՀՀ տեղափոխելու հարցը բարձրացվել է տարբեր նախարարների պաշտոնավարման ժամանակ, մինչև Ռուստամ Բադասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը տարբեր ատյանների հետ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել, այդ թվում՝ վարչապետի մամուլի խոսնակի հետ բանակցային գործընթաց է եղել:
Փաստաբանի փոխանցմամբ` որոշակի քայլերից հետո հաջողվել է ընդհանուր կոնսենսուսի գալ և Բադասյանը ստորագրել է փաստաթուղթը Առաքելյանին ՀՀ արտահանձնելու վերաբերյալ:
Առաքելյանը ՌԴ-ում իր պատիժը կրում էր Մուրմանսկ քաղաքի քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանի դիտարկմամբ՝ կյանքի նկատմամբ վտանգի հարցը միշտ էլ ակտուալ է եղել, որովհետև օտարության պայմաններում է գտնվել անազատության մեջ, ընդ որում՝ ՌԴ-ում բավականին մեծ ազդեցություն ունի ադրբեջանական լոբբին և մտավախություն կար, որ ամեն ինչ էլ հնարավոր է:
«Այդ իսկ պատճառով էլ միշտ շեշտադրել ենք այդ հանգամանքի վրա, որ Արմանին հնարավորինս շուտ տեղափոխեն ՀՀ, քանի որ ստանդարտ հանցանք չի եղել, այլ՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապ ունեցող խնդիր, վեճը եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին»,- նշել է նա:
Փաստաբանը տեղեկացրել է, որ այժմ Առաքելյանը գտնվում է ՁՊՎ-ում, հետո, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Արմավիր» ՔԿՀ՝ հաշվի առնելով, որ ինքը ծնունդով Էջմիածնից է:
Արման Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ-ում հայկական ռեստորաններից մեկում ադրբեջանցու սպանության գործով և դատապարտվել ազատազրկման՝ 18 տարի ժամկետով: Միջադեպը տեղի է ունեցել էթնիկ հարաբերությունների ֆոնին, մասնավորապես, ադրբեջանցին հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին և կոտրել պատից կախված հայ ազգային հերոսի նկարները: