Հայաստանում գնաճ կա և դրա ֆունդամենտալ հիմքերն են անվտանգության ոլորտում առկա անորոշությունները, քաղաքական անկայունությունը, դրամի արժեզրկումը, տնտեսության հիմքերի խարխլումը, բիզնեսի և հասարակության շրջանում բացասական սպասումները, ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ կարծես «Կառավարությունում այդպես էլ չեն հասկանում այս հիմքերը, ոչ էլ պատկերացնում են այն աղետալի սոցիալական հետևանքները», որ կարող է լինել հասարակության մի ստվար զանգվածի համար՝ տևական գնաճի արդյունքում։
Տնտեսագետն արձագանքել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանը, թե մեկ ամսվա գնաճից խուճապի մատնվել պետք չէ։ Քերոբյանն առաջարկել էր տեսնել, թե ինչ տենդենցներ կան աշխարհում և որոնք են այդ գնաճի ֆունդամենտալ հիմքերը։
Խաչատրյանը նաև նշել է, որ Կենտրոնական բանկը գնաճը զսպելու համար ստիպված է եղել փողը թանկացնել, ինչը ճգնաժամի պայմաններում ցանկալի չէ, բայց «Կառավարությունն այլընտրանք չի թողել»։
«2020թ․-ի դեկտեմբեր, 2021թ․-ի հունվար-փետրվար ամիսներին սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է համապատասխանաբար 3,7%, 4,5%, 5,3%-ով։ Աճման միտումն ակնհայտ է, ուստի միամտություն է կարծել, թե սա լոկ մեկ ամսվա խնդիր է և վիճակը բարելավվելու է։ Ավելին՝ եթե նայենք սննդամթերքի գների փոփոխությանը նույն վերջին 3 ամիսների ընթացքում, ապա պատկերն առավել «տխուր» է դառնում․ սննդամթերքի գներն աճել են համապատասխանաբար 4,9%, 6,4%, 7,8%-ով։ Սննդամթերքի գների աճման միտումը ևս ակնհայտ է»,-գրել է տնտեսագետը։
Խոսելով աշխարհի միտումների մասին՝ նա նշել է, որ 2021-ի փետրվարին, երբ ՀՀ-ում սպառողական գների ինդեքսն աճել է 5․3%-ով, ԵՄ երկրներում այն աճել է 1․2%-ով, ԱՄՆ-ում՝ 1․4%-ով, Վրաստանում՝ 2․8%-ով, իսկ օրինակ՝ Չինաստանում և Ճապոնիայում՝ նվազել է համապատասխանաբար 0․3%-ով և 0․6%-ով։