15 մարտի 2021 - 15:38 AMT
Փոխնախարար․ Կապանում դիրք թողնելու հրամանի մասին խոսք չկա, անվտանգային խնդիր՝ ևս

Կապանի առաջնագծում որևէ լուրջ մտահոգության առիթ և անվտանգային առումով որևէ խնդիր չկա, այնտեղ դիրք թողնելու հրամանի մասին ևս խոսք չկա, հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

«Անվտանգային առումով որևէ խնդիր չկա։ Այս պահին Պաշտպանության նախարարությունը և Գլխավոր շտաբն ամեն ինչ անում են զինվորների վիճակը, իրենց պայմանները բարելավելու ուղղությամբ։ Դրանք ընթացիկ աշխատանքներ են, որոնք իրականացվում են ամենօրյա ռեժիմով և գտնվում են ՊՆ ղեկավարության անմիջական հսկողության ներքո»,- նշել է նա, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։

Սարգսյանն անդրադարձել է Կապանի դիրքերից արված տեսանյութին, որտեղ զինվորները ներկայացնում էին պայմանները և նշում, որ իրենց դիրքերը լքելու մասին են ասել։ Հարցին, թե զինծառայողներին նման հրաման տրվել է, փոխնախարարն ասել է, որ այդ հայտարարության առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։

«Դիրք թողնելու հրամանի մասին խոսք չկա։ Այդ տեսանյութում հնչեցված խնդիրների առնչությամբ նախապատրաստվում են նյութեր։ Ես վաղաժամ չեմ ուզում հայտարարություն անել, որ դրանց մեծ մասն իրականությանը չի համապատասխանում։ Ես ցանկանում եմ դա թողնել նախապատրաստվող նյութերի շրջանակում հարցի վերջնական լուծմանը»,- ասել է Սարգսյանը։

Ավելի վաղ տարածվել էր տեսանյութ, որտեղ զինծառայողները ցույց են տալիս մարտական հենակետի պայմանները։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովում, չունեն ջուր, տաքանալու հնարավորություն։

Զինծառայողները նշում են, թե իրենց ասել են՝ «պոստը թողեք», սակայն իրենք չեն լքել դիրքը։ Նրանց խոսքով՝ ոչ ռազմական ոստիկանությունն է աշխատում, ոչ էլ ԱԱԾ-ն։

Ընթերցեք նաև․ Դատախազությունը՝ զինվորների տեսանյութի մասին․ ՌՈ-ում նյութեր են պատրաստվում