15 մարտի 2021 - 15:40 AMT
Արշակյան․ ՀՀ-ն ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Հայաստանում ամենապահանջված մասնագիտությունն ինժեներությունն է՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում, հայտարարել է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին կրթություն ստանալ և մասնագիտանալ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ռադիոէլեկտրոնիկա, միկրոէլեկտրոնիկա, մեխանիկա, կիբեռնետիկա, համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնոլոգիական ուղղություններով՝ համոզված լինելով, որ հետագայում կարող են որակյալ աշխատանք գտնել Հայաստանում»,- գրել է Արշակյանը՝ մասնագիտությունը փոխել ցանկացողներին առաջարկելով ծանոթանալ նախարարության դասընթացներին։

Արշակյանի խոսքով՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացողն է. նա հիշեցրել է, որ 2020-ին ոլորտում արձանագրվել է 21%-ից ավելի աճ, 3400-ից ավելի նոր մասնագետներ են մուտք գործել ոլորտ, միջին աշխատավարձը 800,000 դրամից ավելի է։

Արշակյանը կցել է նախարարության հարցումների արդյունքները մոտ 150 ընկերության շրջանում, որտեղ նշված են Հայաստանում ամենապահանջված ուղղությունները, մասնագիտությունները և տեխնոլոգիաները։