16 մարտի 2021 - 17:48 AMT
ՀՅԴ․ Զգուշացում՝ Թուրքիայի հետ չմտնել գործերի մեջ, որոնք Մոսկվայի կամ Կարսի պայմանագրի ճանաչում կենթադրեն

ՀՅ Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի կապակցությամբ՝ զգուշացնելով «լեգիտիմությունը կորցրած իշխանությանը»՝ Թուրքիայի հետ չմտնել բանակցային այնպիսի գործընթացների մեջ, որոնք կարող են ենթադրել Մոսկվայի կամ Կարսի պայմանագրի ճանաչում ՀՀ կողմից։

ՀՅԴ-ն հիշեցնում է, որ ոչ Մոսկվայի և ոչ Կարսի պայմանագրերը ճանաչված չեն Հայաստանի Հանրապետության կողմից, դրանք ճանաչված չեն եղել նույնիսկ Խորհրդային Հայաստանի կողմից, երբ հնարավորություն է եղել արտահայտել սեփական կամքը։

«Լրանում է մեր պետության և ժողովրդի համար աղետալի նշանակություն ունեցած Մոսկվայի 1921թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակը։ Այդ պայմանագրի արդյունքում Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Արևելյան Հայաստանի զգալի հատվածից՝ Կարսի մարզից, Սուրմալուի գավառից, Նախիջևանից և այլն։

Տխրահռչակ պայմանագիրը ստորագրվեց միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով, որոնք առ ոչինչ են դարձնում դրա իրավական ուժը։ Նախ, պայմանագրի կողմերը՝ Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միջազգային իրավունքի սուբյեկտներ չէին հանդիսանում։

Երկրորդ, պայմանագիրը ստորագրող կողմերը որոշումներ են ընդունել պայմանագրի կողմ չհանդիսացող երրորդ երկրի՝ Հայաստանի տարածքներին վերաբերող հարցերի շուրջ, միչնդեռ միջազգային իրավունքի համաձայն՝ պայմանագրերը կարող են վերաբերել բացառապես դրանք ստորագրող կողմերին, և չեն կարող այլ իրավունքներ ու պարտավորություններ ստեղծել դրան չմիացած կողմերի համար։

Հետևապես պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածները չեն կարող օրինականության հետ որևէ աղերս ունենալ։

Իսկ, 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը, որը Հայաստանին առնչվող մասով նույնությամբ կրկնում էր Մոսկվայի պայմանագրի դրույթները, նույնպես միջազգային իրավունքի մաս չի կազմում այն հիմքով, որ բխել է Մոսկվայի պայմանագրի դրույթներից։ Կարևոր է նկատել, որ Հայաստանին պարտադրվեց հրաժարվել Հայաստանի Առաջին Հանրապետության սուվերեն տարածքներից, որոնք թուրքական ագրեսիայի հետևանքով բռնազավթվել էին 1920թ. աշնանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ներկայումս Հարավային Կովկասում շարունակաբար լարվող ռազմաքաղաքական իրավիճակն ու միջպետական հարաբերություններում առկա հակասությունները, տարածքային վեճերն ու էթնիկ հակամարտություններն ակնհայտ են դարձնում, որ 1921թ. Մոսկվայի պայմանագիրն իր հակաօրինական բնույթով ի զորու չէ այս տարածաշրջանում ապահովելու կայուն խաղաղություն և անվտանգ համակեցություն։

«Այդ պայմանագիրն իր ընդգծված հակահայկականությամբ սպառնալիք է Հայաստանի ու հայ ժողովրդի գոյութենականությանը, ինչի ականատեսը եղանք ամիսներ առաջ... Դրանից հետո էլ, ադրբեջանաթուրքական տանդեմն անթաքույց հավակնություններ է դրսևորում Հայաստանի Հանրապետության նկատմամբ։

Մոսկվայի պայմանագիրը ոչ միայն չի զսպել Թուրքիայի՝ դեպի արևելք ծավալվելու և Առաջավոր Ասիա թափանցելու պանթյուրքական-առավելապաշտական ծրագրերը, այլև հնարավորություն է տվել մարտավարական դադար առնել և պատեհ պահին, վերակազմակերպված ուժերով և միջազգային հարաբերությունների ապակայունացմամբ իրականացնել այդ ծրագրերը՝ վերածվելով միջազգային անվտանգային համակարգի գործուն սպառնալիքի»,-ասվում է հայտարարության մեջ։

ՀՅԴ Բյուրոն միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Հարավային Կովկասում և հարակից տարածքներում տևական խաղաղության հաստատման շուրջ միջազգային նոր և իրավական պայմանագրի կնքման անհրաժեշտության վրա, որը միջազգային գործուն երաշխիքներով և բոլոր ժողովուրդների ու պետությունների օրինական շահերը հաշվի առնելով, ինչպես նաև արդար սահմանաբաժանմամբ կարող է այս տարածաշրջանում փակել պատերազմների հարյուրամյակների էջը։

Նշվում է, որ այս օրերին ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ՀՅԴ Բյուրոն մինչև 2021-ի հոկտեմբերի 21-ը հետաձգում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակի ներպետական և միջազգային միջոցառումների ծրագիրը:

Այս ընթացքում ՀՅԴ համաշխարհային ցանցը, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները խնդրով իրականացնելու են քաղաքական-հարաբերական աշխատանքներ։

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության (ՌԽՖՍՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև 1921թ․ մարտի 16-ին կնքված «եղբայրության և բարեկամության պայմանագիրն» է, որը բանակցվել է Մոսկվայի ռուս-թուրքական երկրորդ կոնֆերանսի ժամանակ։

Ընթերցեք նաև․ 7 կուսակցություն կոչ է անում դիմել ՌԴ-ին՝ Մոսկվայի պայմանագրի չեղարկման հարցով