ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ բանակին նոր համազգեստ է պետք։
Նա նշել է, որ համազգեստը կրող մարդը շատ կարևոր է, գրում է «Հայկական ժամանակը»։
«Երբ առաջնային նայում ես՝ մինչ մարդու հետ շփվելը, համազգեստը ինչ-որ լիցք է պարունակում: Ոչ միայն տոնական համազգեստը, ամեն ինչ պետք է ինչ-որ նոր երանգ ունենա: Տարբերանշանները փոխել ենք ինչ-որ չափով, բայց դեռ հնի հոտը գալիս է: Ռուսաստանը ամբողջը փոխել է, անընդհատ փոխում է, լավացնում է, դարձնում է ավելի պրակտիկ ու ցանկալի: Այդ ցանկալիությունը պետք է արտացոլվի նաև համազգեստի միջոցով»,- ասել է նա:
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել է, որ Հայաստանում արվելու է առավելագույնը՝ սպայական ծառայության գրավչությունը շեշտակիորեն բարձրացնելու ուղղությամբ։
Մարտի 15-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել պայմանագրային զինծառայողների տարիքային առավելագույն շեմը 45-ից 63-ը դարձնելու նախագծին։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը մտել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։