17 մարտի 2021 - 11:24 AMT
Դատախազությունը՝ Թովմասյանին․ Կոստանյանի գործը քաղհետապնդում որակելը ոչ իրավաչափ ու անհիմն է

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը խեղաթյուրել է Ինտերպոլի լիազորությունների շրջանակում գտնվող գործի հանգամանքները, շեղվող տեղեկություն է հրապարակել, իսկ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դեմ «քաղաքական հետապնդում» իրականացնելու որակումն «ակնհայտ ոչ իրավաչափ, անհիմն և խիստ սուբյեկտիվ է», հայտարարել են Գլխավոր դատախազությունից։

Թովմասյանն ավելի վաղ ասել էր, թե 2020-ի ապրիլին Ինտերպոլը մերժել է ՀՀ իրավապահներին հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ` որպես Մարտի 1-ի գործով մեղադրյալ։ Պատգամավորը նշել էր, թե Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եզրակացրել է, որ Կոստանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական է։

Դատախազությունից նշում են, որ Ինտերպոլը քրեական արդարադատության ոլորտի պատասխանատու կառույց չէ, ինչպես շեշտադրում է, «հավանաբար, դրանից անտեղյակ պատգամավորը»։

Կառույցը գործի հանգամանքներ, փաստական տվյալներ չի ուսումնասիրում, մեղադրանքի հիմնավորվածության կամ իրավաչափության վերաբերյալ գնահատականներ տալու ոչ միայն իրավասություն չունի, այլև չի էլ ստուգում մանրամասները։

«Այսպիսով՝ Ինտերպոլը քրեական արդարադատության պատասխանատու կառույց չէ և Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածի մեջբերմամբ նկարագրված գործի «քաղաքական հետապնդում» որակումն ակնհայտ ոչ իրավաչափ, անհիմն և խիստ սուբյեկտիվ է, ինչն ակնհայտ է կոնկրետ դեպքում՝ ցանկալին իրականության փոխարեն հրամցնելու տրամաբանությամբ: Հարկ ենք համարում նշել, որ մեղադրյալ Գևորգ Կոստանյանի մեղադրանքի հիմնավորվածությունը՝ երեք անգամ գնահատականի է արժանացել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (նախ՝ նախաքննական մարմնի, ապա ևս երկու անգամ պաշտպանության կողմի միջնորդությունների հիման վրա), իսկ կայացված որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը ստուգվել և հաստատվել է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերով»,-նշել են դատախազությունից։

Գլխավոր դատախազությունից հորդորել են Թովմասյանին պետական հաստատությունների վերաբերյալ գնահատականներում «լինել կոռեկտ, կոնկրետ գործերով և անձանց նկատմամբ շարունակաբար ցուցաբերվող սուբյեկիտվ շահագրգիռ մոտեցումները չհանրայնացնել անաչառության քողածածկույթի տակ, միջագային հեղինակավոր կառույցների գործունեությունը, նրանց ձևավորած պրակտիկան դիտավորյալ կամ սեփական անտեղյակության պատճառով չենթարկել խիստ յուրով, մակերեսային մեկնաբանությունների»:

Դատախազությունից հիշեցրել են, որ Կոստանյանը քրգործով որպես մեղադրյալ է ներգրավվել 2008-ի Մարտի 1-ի դեպքով, դրան հաջորդած ժամանակահատվածում պաշտոնական կեղծքներ կատարելու համար։ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է։