Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը կայացած չի համարում և չի բացառում ընտրության արդյունքների բողոքարկումը, պատճառը հաշվիչ հանձնաժողովի անդամների ստորագրության թվի հետ կապված անհամաձայնությունն է, հայտարարել է նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը, փոխանցում է «Հայկական ժամանակը»:
«Խնդիրն այն է, որ իրականում հաշվիչ հանձնաժողովի անդամներից միայն երկուսն են ստորագրել ընտրության արդյունքները, բայց հանձնաժողովի կողմից խորհրդի բոլոր անդամների ներկայությամբ հայտարարվել է երեք անդամի ստորագրության մասին»,- նշել է նա՝ արձագանքելով բողոքարկման հավանականության մասին հարցին։
Նա ավելացրել է, որ իրականում, ըստ փաստաթղթերի` այդ արձանագրությունը ստորագրել է միայն երկու հոգի, այսինքն՝ 5 հոգանոց հաշվիչ հանձնաժողովից միայն երկուսն են ստորագրել:
«Երբ լիազոր մարմինը՝ ԿԳՄՍ նախարարությունը հոգաբարձուների խորհրդից ստանա համապատասխան պաշտոնական գրությունը, ըստ այդմ, նախարարությունը կկայացնի իր որոշումն իրավական հարթության վրա»,- ասել է նա։
Մարտի 15-ին Պոլիտեխնիկի ռեկտոր էր ընտրվել Գոռ Վարդանյանը: Մարտի 1-ին ՀԱՊՀ-ում չէր հաջողվել նոր ռեկտոր ընտրել։ Թեկնածուներից որևէ մեկին չէր հաջողվել 50+1 տոկոս ձայներ հավաքել։