17 մարտի 2021 - 12:05 AMT
Շոյգու․ Հուսով եմ՝ եկել է ժամանակը, որ ՀՀ-ն և Ադրբեջանն անցնեն երկկողմ շփումների

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, խոսելով ՌԴ և Թուրքիայի գործակցության մասին, ասել է, որ դա շատ բարդ, բայց արդյունավետ աշխատանք է։

Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված ռուս-թուրքական գործակցությունը։

«Դա շատ բարդ օպերացիա է։ Միայն այդպես կարող եմ անվանել, քանի որ գործի էին դրվել հսկայական քանակի փաստարկներ, տարրեր, դրդապատճառներ»,-ասել է նա ղազախական TengriNews-ին հարցազրույցում։

Շոյգուն հույս է հայտնել, որ եկել է ժամանակը, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն անցնեն երկկողմ շփումների և սկսեն միմյանց հետ խոսել։

«Այստեղ շատ բան, իհարկե, կախված է ՌԴ և Թուրքիայի հարաբերություններից։ Նաև նոր դերակատարներ են հայտնվում, հին հարևանները, բայց իրենց առաջարկներով։ Ես նկատի ունեմ Իրանին։ Դա և ենթակառուցվածքների զարգացումն է, և երկաթուղին, և հիդրոէներգետիկա,ն և տրասպորտային հաղորդակցությունը։ Հարցերը շատ են»,-ասել է նա։

Ըստ նրա` ՌԴ-ն ու Թուրքիան կարողանում են փոխզիջումներ գտնել նույնիսկ այնտեղ, որտեղ դա անհնար է թվում։

«Օրինակ, ապառազմականացման Իդլիբի գոտին։ Ընդհանրապես, ապառազմականացված գոտիների ստեղծումը Սիրիայում, մեր կարծիքով, նման տիպի հակամարտությունների կարգավորման նոր էջ է և նոր մեխանիզմ»,- ասել է նա։

Նա նշել է, որ համատեղ աշխատանքը Թուրքիայի հետ բարդ է, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։

Թուրքիան և Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման մշտադիտարկման համատեղ կենտրոն են ստեղծել։ Կենտրոնն աշխատում է բացառապես հեռավար՝ վերահսկման տեխնիկական միջոցների՝ ԱԹՍ-ների և այլ տեխնոլոգիաների կիրառմամբ։