17 մարտի 2021 - 13:57 AMT
Փաշինյանը ԿԳՄՍՆ-ում է․ Շենքը ոստիկաններով է շրջապատված՝ որոշ ՀՅԴ-ականներ ակցիա են անում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում աշխատանքային հանդիպման է, նրա մեքենան կանգնել է անմիջապես շենքի աստիճանահարթակի մոտ, Փաշինյանը հենց շենքի մուտքի մոտ է իջել, փոխանցում է Aysor.am-ը։

Նախարարության շենքը շրջապատված է ոստիկաններով, ԿԳՄՍՆ դիմաց են նաև ընդդիմադիր Հայ Հեղափոխական Դաշնակցության որոշ ներկայացուցիչներ, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Ակտիվիստները ավելի վաղ հայտնել էին, որ ժամը 10-ին լինելու են նախարարության շենքի մոտ, բայց նշանակված ժամին միայն 3 մարդ է եկել։ Ակցիայի մասնակիցներից մեկի՝ Քրիստինե Վարդանյանի խոսքով՝ նման քայլը պատահական չէ. իրենք պարզապես ուզում էին ցույց տալ, թե «որքան մեծ են Կառավարության ղեկավարի վախերը»։

«Իր աշխատասենյակից մինչև նախարարություն ընդամենը 500 մետր ոտքով քայլելու համար Փաշինյանին հարյուրավոր ոստիկանների ներկայություն է պետք։ Մենք ուզում ենք ցույց տալ, թե հետպատերազմյան Հայաստանում ուր են գնում մարդկանց հարկերը: Այդ գումարները գնում են ոստիկանների համար այս ավտոբուսները վարձակալելու, 24 ժամ հրապարակում պահելու, Նիկոլ Փաշինյանի 500 մետր քայլելը հսկելու համար: Այդ գումարները գնում են ոստիկաններին հավելավճարներ տալու համար: Մեր ակցիան ակցիայի բացակայությունն էր` ցույց տալու իշխանության վախի աստիճանը», - ասել է Վարդանյանը։

Ավելի վաղ Հայրենիքի փրկության շարժման համակիրները հավաքվել էին ԱԳՆ շենքի դիմաց՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը։ Վարչապետն ավելի վաղ էր եկել ու հասցրել էր շենք մտնել, բայց ակցիայի մասնակիցները հայտարարել էին, որ իրենք իրենց նպատակին հասան, քանի որ ցանկանում էին ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանն «այլևս չի կարող ազատ շրջել այս երկրում»։