Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում, հայտնում է Արցախի ոստիկանությունը։
Պողոսյանի դիակը հայտնաբերվել է Արցախի Հանրապետության ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների արդյունքում։
Պողոսյանը մարտի 20-ի երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքը 44-օրյա պատերազմի արդյունքում սահմանակից է դարձել ադրբեջանական ուժերին։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկացել է վերցնել Կարմիր Շուկան։ «Երկար ժամանակ բանակցություններում ամեն քայլ անում էին, որ մենք հանձնենք Կրասնի Բազարը, բայց ասեցինք` դուք մոռացեք Կարմիր Շուկան, դա բացառվում է», - ասել է Հարությունյանը տեղի բնակիչների հետ հանդիպմանը մարտի 7-ին։