22 մարտի 2021 - 14:38 AMT
Սոցապ․ Նորքի տուն-ինտերնատը չի փակվի, բնակիչները չեն տեղափոխվել

Ոչ ոք չի պատրաստվում Նորքի տուն-ինտերնատի բնակիչներին տեղափոխել Երևանի համար 1 տուն-ինտերնատ կամ հակառակը, տուն-ինտերնատը չի փակվելու, գույքը չի վաճառվելու, PanARMENIAN.Net-ին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խոսնակ Զառա Մանուչարյանը։

Տուն-ինտերնատում հացադուլի մասին հարցին պատասխանելով՝ նա նշեց, որ մարտի 22-ի առավոտի ակցիայի պատճառով, հնարավոր է, որոշ տարեցների գրաֆիկը խախտվել է, սակայն հացադուլ այնտեղ չեն անում։

Անդրադառնալով տուն-ինտերնատի նոր տնօրենի նշանակման մասին հարցին և դրա շուրջ քննարկումներին՝ Մանուչարյանը նշեց, որ նախկին տնօրենի պաշտոնավարման ժամկետն է լրացել։

«Նշանակվել է ժամանակավոր պաշտոնակատար, դրան կհաջորդի մրցույթ և ըստ այդմ նոր տնօրեն կնշանակվի»,- ասաց նա։

Մարտի 22-ին Երևանի համար 1 տուն-ինտերնատում բողոքի ակցիա են իրականացրել այնտեղ բնակվող տարեցները։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ պատճառն այն է, որ կառավարությունը ներքին շրջանառության մեջ է դրել տուն-ինտերնատների միավորման մի նախագիծ, որով Երևանի համար 1 տուն-ինտերնատը և Նորքի տուն-ինտերնատը միավորվում են։