22 մարտի 2021 - 14:58 AMT
Արցախում ծառայողների ծնողները՝ Փաշինյանի հետ հանդիպումից հետո․ Փոխհամաձայնություն կա, գոհ ենք

Արցախում ծառայող զինվորների ծնողները մարտի 22-ին կրկին հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանց խոսքով՝ հանդիպման արդյունքից գոհ են, փոխհամաձայնություն կա, փոխանցում է «Ա1+»-ը։

«Բոլոր հարցերի շուրջ այժմ փոխհամաձայնություն կա և մեր բարձրացրած բոլոր խնդիրների շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են»,-մոտ մեկ ժամ տևած հանդիպումից հետո հայտարարել է ծնողներից մեկը։

Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները կրկին հավաքվել էին Կառավարության շենքի դիմաց՝ նույն պահանջով․ 44 օր պատերազմում կռված ու հետպատերազմյան ծանր օրեր ապրած զինվորների ծառայության ժամկետի կրճատում՝ նվազագույնը 6 ամսով։

Ծնողների խոսքով՝ երեխաներն առողջական խնդիրներ ունեն, սակայն համապատասխան հետազոտություններ էլ չեն անցնում։ Բացի դրանից, հոգեբանական լուրջ խնդիրներ էլ են առաջացել։

Ավելի վաղ՝ մարտի 19-ին ևս ծնողներից մի քանիսը հանդիպել էին վարչապետ Փաշինյանի հետ։ Վերջինս հայտնել էր, թե քննարկումներ կլինեն, սակայն միայն երկու շաբաթից կարող են ասել՝ հստակ ինչ քայլեր կձեռնարկեն։ Այս պատասխանը նրանց չէր բավարարել։