Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին ներկայացրել Գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:
Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «․․․Այն իրադարձությունները, որ տեղի ունեցան փետրվարից մինչև այս կողմ, շատ պարամետրերով հասկանալի են: Ցանկանում եմ հավաստիացնել, որ որևէ մարդկային, քաղաքական հետք իմ մեջ դա չի թողել, ուղղակի պետք է խնդրեմ, պետք է պայմանավորվենք, որ Զինված ուժերի ապաքաղաքականացումը, հետագայում ապաքաղաքական լինելու սկզբունքը պետք է սրբորեն պահենք: Դա պետք է ոչ թե ինձ, դա պետք է ոչ թե կոնկրետ անհատի կամ խմբի, դա կարևոր սկզբունք է, որ առաջին հերթին պետք է Զինված ուժերին:
Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան ընդհանրապես, այլ բան, որ կան խնդիրներ, հարցեր, որ Զինված ուժերի բնականոն զարգացումը կառավարությունը պետք է ապահովի, մենք բոլորս պետք է ապահովենք, հատկապես այս իրավիճակում: Զինված ուժերը, որնքան էլ մի քիչ տարօրինակ հնչի, պետք է պաշտպանված զգա, բայց մյուս կողմից էլ պիտի չխուսափենք բարձրացված հարցերին պատասխանելուց, որովհետև դա պետք է առաջին հերթին մեզ: Որոշակի հետևություններ իհարկե պետք է արվեն, բայց այդ հետևությունները չպետք է լինեն այնպիսին, ինչի վերաբերյալ, ցավոք իմ համոզմամբ, հաջողվել էր մեր Զինված ուժերի մի շարք հարգելի ներկայացուցիչների համոզել»:
Նա նշել է, որ այս ընթացքում Դավթյանը ստանձնել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահի պարտականությունները, նաև պատերազմի ընթացքում հրավիրվել Սյունիքի ինքնապաշտպանությունը կազմակերպելու կամ ինքնապաշտպանության կազմակերպմանը մասնակցելու:
«Առաքելությունը հեշտ չէ, չափազանց ծանր ժամանակներ ենք ապրում և խնդիրներն ավելի քան լուրջ են: Խնդիր մեկ՝ պաշտպանել բանակը, պաշտպանել Զինված ուժերը և խնդիր երկու՝ այնպես անել, որ Զինված ուժերում տեղի ունենան անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կուժեղացնեն առաջին հերթին Զինված ուժերը, Հայաստանի արտաքին անվտանգության պաշտպանվածության մակարդակը, և իհարկե, մեր բոլորի վստահությունը Զինված ուժերի ու մեր անվտանգային համակարգի նկատմամբ»,-ասել է նա:
Վարչապետն ընդգծել է նաև, որ 2018-ին, ներկայացնելով Դավթյանին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին, շատ կարևոր է համարել, որ Զինված ուժերի ապաքաղաքական լինելու հանգամանքը ճշգրտորեն պահպանվի և դա կատարվել է շատ բարձր մակարդակով:
«Մենք 2018 թվականի դեկտեմբերին ունեցել ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ և չի եղել մի ահազանգ, մի դեպք, երբ արձանագրվի, որ Զինված ուժերը որևէ ձևով ենթարկվել են քաղաքական ներգործության կամ ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ: Սա չափազանց կարևոր է և համոզված եմ, որ նույնպիսի հստակ իրավիճակ մենք կունենանք նաև հետագայում, ապագայում»,-ասել է նա:
Դավթյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել. «Վստահ եմ, որ Զինված ուժերը քաղաքական որևէ գործընթացներում մասնակցություն չեն ունենալու, որը նախատեսված չէ Սահմանադրությամբ և օրենքներով: Ձեր թույլտվությամբ պարոն վարչապետ, կցանկանայի նորից շեշտել և շնորհակալություն հայտնել գեներալ Գասպարյանին պատերազմի ընթացքում ղեկավարման, ինչպես գեներալ Գալստյանին՝ պարտականությունների կատարման համար: Հույս ունենք՝ համատեղ ջանքերով կկարողանանք լուծել այն բոլոր խնդիրները, որոնք ներկայում կան Զինված ուժերի առջև»:
Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը մեկ անգամ ևս Օնիկ Գասպարյանին շնորհակալություն է հայտնում մատուցած ծառայությունների համար:
Փաշինյանը մարտի 22-ին հայտարարութուն է տարածել այն մասին, որ Դավթյանն իրավունքի ուժով նշանակված է Գլխավոր շտաբի պետ։
ՀՀ վարչական դատարանը կասեցրել է Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Ըստ դատարանի որոշման՝ նա պետք է շարունակի պաշտոնավարել։ Փաշինյանի աշխատակազմը հանդես է եկել պարզաբանմամբ ՀՀ վարչական դատարանի որոշման կապակցությամբ` նշելով, որ Գասպարյանն ազատված է պաշտոնից։