22 մարտի 2021 - 15:06 AMT
ԱՆ․ Պատերազմում զոհվածների ծնողների համար արհեստական բեղմնավորումն անվճար կլինի

Ծնելիության խթանման ծրագրերից մեկը` արհեստական բեղմնավորումն անվճար կդառնա մի քանի խմբի, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորների և կամավորների ծնողների համար, հայտարարել է Առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Պետական պատվերով արհեստական սերմնավորում և բեղմնավորում կարող են անել 44-օրյա պատերազմում զոհված զինվորների և կամավորների ծնողները, զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք, հաշմանդամություն ունեցող անձինք, եթե կնոջ հաշմանդամությունը հակացուցում չի հղիության համար, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները և ընտանեկան նպաստի համակարգից օգտվողները՝ 28 և ավելի միավոր գնահատված», - ասել է Փաշայանը։

Նրա խոսքով` Հայաստանում ժողովրդագրական լուրջ մարտահրավերներ կան, և այս ծրագիրը միտված է դրանց լուծմանը։

«Մեր երկրում վերարտադրության գործակիցն այսօր 1.6 է, իսկ պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է, որ ցուցանիշը լինի առնվազն 2.1։ Իսկ անպտղության խնդրին բախվում են կանանց 14.9%-ը, տղամարդկանց` 9.5%-ը», - ասել է նա։

2020-ին ծրագրի շրջանակում իրականցվել էր 49 սաղմի տեղադրում, իսկ 2021-ին արդեն՝ 44: 2021-ին 917 մլն դրամ է նախատեսված այս ծրագրի համար՝ 3 անգամ ավելի, քան նախորդ տարի: Ծրագրի շրջանակում մինչ օրս արդեն 62 երեխա է ծնվել: