ԱԺ-ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Հանրագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով հեշտացվում են հանրագրեր ներկայացնելու ընթացակարգերը։
Օրինագիծը ներկայացրել է արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ նշելով, որ փոփոխությունների արդյունքում հստակեցվում է «կոլեկտիվ դիմում» հասկացությունը։ Այդ հասկացության մեջ ներառվել են նաև այն հանրագրերը, որոնք ներկայացվել են էլեկտրոնային հարթակում և որին միացել է մեկ կամ ավելի անձ:
Ըստ փոփոխությունների| հանրագրի հեղինակները կարող են իրացնել նաև այն չհրապարակելու իրենց իրավունքը, հստակեցվել է հանրագրի մերժման կարգը:
Նաև հստակեցվել է, թե ինչ է «կրկնակի խնդրագիրը», երբ նույն անձը տարվա ընթացքում նույն հարցով և նույն հիմնավորմամբ նույն անձին կամ մարմնին է դիմում, և որին արդեն տրվել է պատասխան։
Միասնական էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս անհատական կամ կոլեկտիվ խնդրագրով դիմել պետական կամ տեղական մարմիններին կամ պաշտոնյաներին։ Հարթակը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով ներկայացնել անհատական և կոլեկտիվ հանրագրեր, ստորագրել դրանք, հետևել ընթացքին, էլեկտրոնային եղանակով ստանալ հանրագրի պատասխանը։
Միասնական էլեկտրոնային հարթակը գործարկվել է մի քանի տարի առաջ, սակայն շատ քիչ հանրագրեր էին ներկայացվում որոշ ոչ հստակ ձևակերպումների պատճառով։
Հանրագիրն ընդհանուր նշանակություն ունեցող գրություն է, որի միջոցով քաղաքացիները կարող են սոցիալական, քաղաքական, տնտեսական թեմաների վերաբերյալ առաջարկություններ, պետական կառավարման մարմինների գործունեության թերությունների շտկման կամ բարելավման մասին հաղորդում անել։