24 մարտի 2021 - 15:30 AMT
Բենզալցակայաններին կպարտավորեցնեն վառելիքի անվանումը տեղադրել տեսանելի տեղում

Խորհրդարանը մարտի 24-ի նիստում քվեարկությամբ ընդունել է նախօրեին երկրորդ ընթերցմամբ քննարկված՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրինագիծը, որով խստացվում են վառելիքի մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջները։

Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նշել էր, որ ըստ փոփոխությունների՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում վաճառողը պարտավոր կլինի վառելիքաբաշխիչ սարքավորումների վրա տեղեկություն տեղադրել դրա անվանման, ինչպես նաև նպատակային նշանակության վերաբերյալ:

Համապատասխան տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում տուգանքներ են սահմանվում։ Առաջին անգամ՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնվելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով։

Այսուհետ վաճառողը նաև պարտավոր է ունենալ ստուգաչափված տարա և սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնել այդ տարայով: Այդպիսի տարայի բացակայության դեպքում տուգանք է սահմանված՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով, իսկ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում՝ 1000-ապատիկի չափով։